«ԱՅՍՕՐ ՆՎԵՐԻՆ ԾԵԾԵՑԻՔ, ՎԱ՞ՂՆ ՈՒՄ ԵՔ ԾԵԾԵԼՈՒ, ՔԱՆԻՍԻ՞Ն ԵՔ ԾԵԾԵԼՈՒ»
…և ոչ միայն մշակույթի մասին
2008-ին լույս տեսած ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «Բանկ օտոման» վեպը մեր պատմության ամենաառեղծվածային էջերից մեկի յուրատիպ քննություն-մեկնաբանությունն է, ուր դժվար է հստակ տարանջատել իրական-պատմական փաստերի և գրողի հեղինակային-ինքնահնար պատումի սահմանը: Ներկայացնում ենք մերօրյա իրականությանը հարիր հարցադրումներ պարունակող այդ երկի և այլ թեմաների շուրջ ծավալված զրույցը հեղինակի հետ:
«ԹՈՒՐՔԵՐԸ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԶԵՆՔՈՎ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՆ, ԿՆՎԱՃԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ»
-Պարոն Թոփչյան, «Բանկ օտոման» վեպում այսպիսի տողերի ենք հանդիպում. «Բոլոր եվրոպացիները, առաջին անգամ լսելով թուրքերի վայրագությունների մասին, ցնցվում են, վրդովվում, արցունքներ թափում, ցավակցում, հանգանակություններ անում, հետո անցնում է որոշ ժամանակ, մոռանում են և նույնիսկ անուղղակիորեն, երբեմն էլ ուղղակիորեն խրախուսում թուրքին»: Այսօրվա եվրոպացին 19-րդ դարի եվրոպացուց ինչո՞վ է տարբերվում: Եվ տարբերվո՞ւմ է, արդյոք:
-Ես, անշուշտ, նկարագրել եմ 19-րդ դարի դեպքերը, բայց հայացքս հառած է եղել այսօրվա իրականությանը։ Անցյալից հիշում ենք այն բաները, որոնք կապված են ներկային: Որևէ էական փոփոխություն չեմ տեսնում Եվրոպայի և Թուրքիայի մեջ, առավել ևս` հիմա: Առաջ Եվրոպայում կային առանձին պետական շահեր՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և այլոց: Հիմա Եվրոպան հանդես է գալիս որպես աշխարհաքաղաքական մի մեծ միավորում, որում ընդգրկված է քսանյոթ պետություն՝ իրենց ազգային շահերով: Դրանց մեջ կան այնպիսիք, որոնց համար բացարձակապես միևնույն է՝ Թուրքիան կլինի՞ Եվրամիության անդամ, թե՞ ոչ: Բայց և կան պետություններ, որոնք ուղղակի վտանգված են Թուրքիայի կողմից, ինչպես, օրինակ՝ Գերմանիան, Ավստրիան: Վիճակագիրների տվյալներով` 2050 թվականին հնարավոր է, որ Գերմանիայում և Ավստրիայում թուրքերը կազմեն բնակչության 50 տոկոսը և եվրոպացիների իսկ հաստատած ժողովրդավարական սկզբունքներով այդ երկրները դարձնեն թուրքական պետություն: «Ձայն բազմաց՝ ձայն Աստուծոյ» սկզբունքով՝ թուրքերը, որ չկարողացան զենքով նվաճել Եվրոպան, կնվաճեն ժողովրդավարության օրենքներով: Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան գիտեն, որ իրենց վտանգ է սպառնում թուրքերի կողմից: Եվ Թուրքիայի ամենակոշտ ընդդիմադիրը Ֆրանսիան է: Հունաստանը ևս հստակ դիրքորոշում ունի՝ պայմանավորված Կիպրոսով, Բուլղարիան նույնպես, որովհետև մեկ միլիոն թուրք ունի իր ներսում: Մյուս երկրներն առաջնորդվում են իրենց տնտեսական շահերով: Բայց այս բոլորը հնազանդվում են Բրյուսելի հրահանգներին, իսկ Բրյուսելը շատ հեղհեղուկ է: Մի օր այս է ասում, մի օր՝ այն, մե՛կ հիշում է Հայոց ցեղասպանությունը, մե՛կ՝ մոռանում, մե՛կ քրդական հարցն է շեշտադրում, մե՛կ` Կիպրոսինը: Թուրքիան, ինչպես ասված է իմ վեպում, ոճիրներով լցված երկիր է: Այնտեղ միշտ մի խնդիր կգտնվի:
-Եվս մի քաղվածք Ձեր գրքից. «Ճնշված ազգերն ընտրության ոչ մի հնարավորություն չունեն այս աշխարհում. բռնակալի ստրուկ կամ քաղաքակիրթ Եվրոպայի խաղալիք»: Աշխարհն այսպես եկել է, այսպես էլ պիտի գնա՞: Կխնդրեի պատասխանը շարադրելիս նաև նկատի առնել օրերս Պրահայում կայացած Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում հրավիրված գագաթաժողովի նշանակությունը:
-Այո՛, այսպես եկել է, այսպես էլ պիտի գնա: Այլ կերպ չի կարող լինել: Մեր խնդրի լուծումն առնվազն պիտի զուգադիպի մեծ տերությունների շահերին, եթե ոչ՝ բխի դրանցից: Կա Ռուսաստանի շահ, որը Կովկասը կորցնելու վտանգի առջև է: Ռուսները հարյուրավոր տարիների ընթացքում անթիվ զոհերի, մեծ ծախսերի գնով նվաճեցին Կովկասը՝ նպատակ ունենալով դուրս գալ Միջերկրական ծով: Նպատակին չհասան, հիմա էլ նրանց սպառնում է սահմանները 17-րդ դարի՝ նախապետրոսյան դիրքերին վերադարձնելու հեռանկարը: Դա ահռելի սեյսմիկ հարված կլինի Ռուսաստանի հիմքերին ու կհասնի մինչև Վոլգայի ակունքները, որտեղ բազմաթիվ մահմեդական ցեղեր են բնակվում: Դա պարզապես կկործանի Ռուսաստանը: Եվ շատ լավ հասկանալով այս ամենը՝ Ռուսաստանը սիրաշահում է Ադրբեջանին: Ռուսները բարդ խնդիրներ ունեն Վրաստանի, Հյուսիսային Կովկասի հետ: Նայենք խնդրին աշխարհի այլ երկրների օրինակով: Ներկայում Իրաքը երկրագնդի ամենաջախջախված, ամենախոշտանգված երկիրն է, բայց Ամերիկայի շահերը, չգիտես ինչու, այդտեղով են անցնում:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ»
-Ըստ Ձեր վիպական հերոսներից մեկի՝ հեղափոխականները գաղափարը գերադասում են մարդուց: Այս համատեքստում ի՞նչ զուգահեռ կանցկացնեիք մարտյան դեպքերը հրահրողների և զոհերի միջև: Ձեզ համար պա՞րզ է, թե ովքեր էին հրահրողները, և ո՞ր բանակից էին զոհերը (իշխանակա՞ն, ընդդիմադի՞ր, գաղափարակա՞ն, պատահակա՞ն…):
-Զուտ քրեագիտական, իրավաբանական տեսանկյունից պետք է իրեղեն ապացույցներ ունենաս՝ դատողություններ անելու համար: Ես այդպիսիք չունեմ և վստահ էլ չեմ, թե երբևէ կունենամ: Բայց մի պարզ ճշմարտություն կա, որ Շահնուրն այսպես է ձևակերպում. «Ցուցատախտակները ցույց կու տան ուղին, որուն պետք է հետեւիլ հասնելու համար նպատակի մը: Բայց ցուցատախտակները երբեք չեն շարժիր իրենց տեղեն, չեն հետեւիր մատնանշուած ճամբուն, եւ չեն երթար դեպի նպատակը: Այդ է իրենց սովորութիւնը… Բայց ընդունելի է նմանապես, որ երբ ամբոխը ցոյց տրուած ճամբուն հետեւելէ վերջ, որոշեալ տեղը իրեն խոստացած Նպատակը չգտնէ, վերադարձին քանդէ ու փշրէ ցուցատախտակները: Հազուադեպ բան է, որ ժողովրդային զանգուածները այս աշխատութիւնը կատարեն: Անոնք, մեջն ըլլալով անշուշտ Հայ զանգուածները, ոչ միայն ոտնակոխ չեն ըներ իրեն երէկուան ստախօս կամ մտամոլոր ցուցատախտակները, այլ նոյն ամբոխային կուրութեամբ կը հետեւին նոյն ապիկար ուղեցոյցին, բախելով նոյն փորձանքներուն: Իրենց դաս չէ եղած»: Ես չգիտեմ՝ մարտի 1-ին դիպուկահա՞րն է կրակել, ոստիկանը փայտո՞վ, թե՞ երկաթով է խփել հավաքվածներին, բայց այն մարդիկ, ովքեր մարտի 1-ին այդ մարգինալացված ամբոխն ուղղորդեցին հրապարակ, գիտեին՝ ինչ է լինելու: Իրեն հարգող մարդը երբեք չէր համաձայնի օրեր շարունակ վրանի տակ քնել, ուտել և անել մյուս գործողությունը, խոզանոցի վերածել շրջակայքը: Դրա հեղինակը չէ՞ր մտածում, թե ինչ է անում, չԷ՞ր հասկանում, թե որն է լինելու վերջը: Հիմա եթե ես որևէ երեխայի խաբեմ, ասեմ՝ գնա ամերիկյան դեսպանատան ճաղերի առաջ մի նռնակ ցույց տուր, պարզ չէ՞, որ նրա վրա կկրակեն պահակազորից: Եվ մեղավորը ես կլինեմ: Պետությունն ինքնապաշտպանության իրավունք ունի: Մենք հարգում ենք անձի ինքնապաշտպանության իրավունքը, ինչո՞ւ չհարգենք երկրինը: Այդ ամբոխը սպառնում էր երկրի անվտանգությանը: Ովքեր ամբոխը հանել էին պետության դեմ՝ իբրև թե վասն արդարության, առաջին մեղավորներն են: Իսկ թե հետո ինչ եղավ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Հիմա «այս ցուցատախտակները» պետք է ջարդել, որովհետև դրանք սխալ տեղ ուղարկեցին մարդկանց:
«ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ԿԻՍԱՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ»
-«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի և դրան կարճ ժամանակ առաջ նախորդած «Armenia today» տեղեկատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված բռնությունները զայրույթի ալիք են բարձրացրել ոչ միայն հայ լրագրողների և առհասարակ հայ հասարակության շրջանում, այլև տեղիք տվել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով զբաղվող գրասենյակի և «Լրագրողներ՝ առանց սահմանի» միջազգային կազմակերպության խիստ քննադատությանը: Իբրև հրապարակախոս՝ ինչպե՞ս եք գնահատում այս միջադեպերը:
-Ընդհանրապես, ցանկացած մարդու վրա հարձակվելն ու ծեծուջարդի ենթարկելը սոսկալի երևույթ է, որը խստորեն պիտի պատժվի: Բայց քանի որ շարունակաբար ծեծուջարդի զոհեր են դառնում լրագրողները, ուզած-չուզած սկսում ես սրա մեջ տեսնել որոշակի տրամաբանություն: Որպես լրագրող՝ ես այսպես եմ կարծում. կա օրենք, որն արգելում է անձին` զրպարտել պետությանը (կրկնեմ՝ պետությունն ունի ինքնապաշտպանության իրավունք): Աշխարհի ցանկացած պետության մեջ՝ ամենաժողովրդավարից մինչև ամենաավանդապահը, կան զոնաներ, որտեղ ներխուժելն արգելվում է, կան թեմաներ, որոնց մասին կա՛մ առհասարակ չի կարելի խոսել, կա՛մ պետք է շատ զգույշ խոսել, որոշակի տոնայնությամբ, պատշաճ սահմանները պահպանելով: Եթե դա խախտվում է, պատժվում է պարբերականը, լրագրողը: Ես Եվրոպայում շատ եմ հանդիպել նման դեպքերի, դրանց մասին կարելի է կարդալ թերթերում, դրանք դառնում են դատավարությունների թեմա, քննարկվում օրենքի շրջանակներում: Իմ հանդեպ էլ ժամանակին եղավ զրպարտություն, ինձ մեղադրեցին մի արարքի համար, որը չէի գործել: Ես ներկայացրի ապացույցներ, բացատրեցի, որ չեմ պատրաստվում զրպարտողներին դատի տալ, միայն ուզում եմ, որ ինձնից ներողություն խնդրեն: Բայց նույնիսկ դա չարեցին: Հիմա այնպիսի մի լկտիություն է տիրում, մարդկանց այնպիսի մեղքերի մեջ են մեղադրում (է՛լ սպանություն, է՛լ գողություն, է՛լ շնություն, է՛լ չգիտես ինչ), որ չես հասկանում, թե ինչպես որակել այդ ամենը: Պետական պաշտոնյայի դեմ գրում են այնպիսի բաներ, որ վերջինս կա՛մ պետք է գնա գրողին ծեծի կա՛մ նրա դեմ դատ բացի: Եվ վստահ չես, թե իրեն ինչպես կդրսևորի դատարանը, որովհետև նրա գործունեությունը բավականին անհասկանալի է ու անկայուն: Ի դեպ, ինձ վրա էլ են հարձակվել 1993 թվականին: Իհարկե, ես ապացույց չունեմ, որ դրա պատճառը հատկապես իմ լրագրողական գործունեությունն էր: Բայց քանի որ այդ ընթացքում բազմաթիվ քննադատական հոդվածներ էի տպագրել այն ժամանակվա իշխանությունների դեմ, տրամաբանորեն դրանց եմ վերագրում հարձակումը: Մանավանդ որ իմ տանը, գրքերից, հագած շորերից, իմ և կնոջս նամակագրությունից բացի, ոչինչ չկար՝ ո՛չ հարստություն, ո՛չ գանձ: Ինչևէ, կարծում եմ, որ օրենքները պետք է հստակ լինեն: Մարդը, տվյալ դեպքում լրագրողը, պիտի իմանա, թե որն է թույլատրելի սահմանը, և որ դեպքում է ինքն արժանանալու պատժի: Իսկ եթե Նվեր Մնացականյանի վրա հարձակվել են նրա համարձակ ելույթները պատժելու համար, սա միայն մի բան է վկայում, որ մենք գտնվում ենք կիսաֆեոդալական երկրում: Կան ժուռնալիստի դեմ մարտնչելու քաղաքակիրթ ձևեր՝ բանավեճ, հարցուպատասխան, դատավարություն: Ասենք՝ այսօր Նվերին ծեծեցիք, վա՞ղն ում եք ծեծելու, քանիսի՞ն եք ծեծելու: Անգամ կին լրագրողներին են այստեղ ծեծի ենթարկել: Ամո՛թ է, գոնե կանանց խնայեք: Սա ուղղակի հրեշավոր երևույթ է:
«ՇՈՒՇԻՆ ՄԵՐ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»
-Անդրադառնանք մի փոքր ավելի «դյուրամարս» թեմաների։ Նախախնամություն տեսնո՞ւմ եք այն իրողության մեջ, որ մեր բոլոր վճռորոշ հաղթանակներն արձանագրվել են մայիս ամսին՝ Ավարայր, Սարդարապատ, Բեռլին, Շուշի… Հուսանք՝ մյուս հաղթանակներն առջևում են:
-Երևի նախախնամության նման ինչ-որ բան կա դրանում: Վարդգես Պետրոսյանն այդ մասին գրել էր «Հայկական էսքիզներում», ու նաև ուրիշներն են դա նկատել: Մանավանդ վերջին հաղթանակը՝ Շուշին, մեր հարյուր տոկոսանոց հաղթանակն է: Եթե Բեռլինում մենք Սովետական Միության մի մասնիկն էինք, ապա Շուշիում բացառապես ապավինում էինք մեր ուժերին: ՈՒ սա բացառիկ, մյուս բաները նսեմացնող հաղթանակ է: Ըստ ռազմական տեսության՝ այդ հաղթանակն անհնար էր: Ոչինչ չէր գործում ի նպաստ մեզ: Թե՛ զինամթերքի, թե՛ զինամատակարարման, թե՛ զինվորների քանակի, թե՛ տեխնիկայի, թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի առումով մենք որևէ շանս չունեինք: Ամբողջ մահմեդական աշխարհն օգնում էր ադրբեջանցիներին: Է՛լ մոջահեդներ, է՛լ չեչեններ, է՛լ աֆրիկացի իսլամականներ հավաքվել էին՝ կռվելու ու պաշտպանելու կանաչ դրոշը: Եվ մենք տարանք իսկապես փառահեղ հաղթանակ: Բայց այդ հաղթանակի տրամաբանությամբ առաջնորդվելու և մեր հետագա կյանքը կառուցելու իրողությունը տեղի չունեցավ: Մենք նման չենք հաղթանակած ժողովրդի: Սա տարօրինակ է: Չկա այդ պատերազմի տարեգրությունը հայ գրականության մեջ: Միայն «Մի՛ վախեցիր» ֆիլմն է և Հովիկ Վարդումյանի գիրքը:
-Իսկ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գի՞րքը:
-Թերևս: Բայց ինձ ամենից շատ ոգևորեց Հովհաննես Երանյանի «Զինադադարը», որում իսկապես կար այդ հաղթանակի, նաև հաղթող մարդու պարտված ոգին: Մարդը պատերազմում հաղթել է, բայց որպես մարդ արդեն կորած է: Պատերազմը սպանում է, դատարկում մարդուն, նույնիսկ՝ հաղթող զինվորին: Բայց սրա կողքին ունենք նաև ծաղրանկարը հաղթանակի: Իսկապես, տարօրինակ ազգ ենք: Եղեռնի 50-ամյակին էլ տպագրեցինք Վանի ինքնապաշտպանության ծաղրանկարը, որը ես ընկալում եմ որպես անձնական վիրավորանք, իսկ գրականագետների մի բույլ Արամ Մանուկյանի ծաղրանկարը դարձնում է ազգային գրականության գլուխգործոց: Մենք դեռևս չունենք մեր մշակված գեղարվեստական գաղափարախոսությունը Եղեռնի մասին (դա նախ և առաջ պիտի լիներ գեղարվեստական արձակում), մեր ողբերգության մասին լավագույն գործերն առայսօր գրել են օտարները (ես «Անլռելի զանգակատունը» չեմ համարում պատմության կշռադատված, տրամաբանված արտահայտություն, դա էմոցիոնալ պոռթկում է):
-Եվս մեկ փորձ եմ ուզում անել՝ Ձեզ տեղափոխելու թեթև թեմաների դաշտ։ Ի՞նչ կարծիքի եք «Եվրատեսիլի» մասին: Սա արվեստի՞ մրցույթ է, թե՞ քաղաքականացված շոու: Ասեմ, որ Ադրբեջանը դեռ շաբաթներ առաջ հորդորել է իր ժողովրդին` չքվեարկել Թուրքիան ներկայացնող երգչուհի Հադիսեի օգտին՝ իբրև բողոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ:
-«Եվրատեսիլը» շոու է, որտեղ առկա է քաղաքականությունը, ու դա շատ հստակ երևում է: Իսկ Ադրբեջանի կոչի մեջ զավեշտ կա: Երբեք չի կարող շտամպված, սերիական երգիչների մոտ ի հայտ գալ իսկապես արվեստի երևույթ: Ինդուստրիալ պահանջը, որ ներկայացվում է այդ մրցույթի մասնակիցներին, բացառում է արվեստի, անհատականության հանգամանքը: Սա արվեստ չէ, բայց, այնուամենայնիվ, երաժշտություն է և կարող է գտնվել արվեստի մատույցներում: Գուցե բեմական առումով ավելի հետաքրքիր բանե՞ր են կանխատեսվում այս մրցույթում. դա ևս արվեստ է: Բայց եթե արվեստ է մտնում ինդուստրիան, ինչպես որ մտել է նաև կինո, գրականություն, նկարչություն, այստեղ չի կարող խոսք լինել արվեստի մասին:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ